Թվայնացված հանքավայրեր. հնարավոր ներդրողները կարող են բեռնել Հայաստանի հանքերի մասին տեղեկություններ

Հայաստանում թվայնացվում են օգտակար հանածոների հանքավայրերի արխիվային տեղեկությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Նախարարի տեղակալի խոսքով, Հայաստանում օգտակար հանածոների հանքավայրերում առկա նյութերի տեղեկությունների` նման ծավալի թվայնացում առաջին անգամ է իրականացվում:

«Մինչ այժմ թվայնացվել են միայն վերջին մի քանի տարվա ուսումնասիրությունները, բայց մենք ունենք բավական մեծ արխիվ` 100 հազարի հասնող, որը թվայնացման կարիք ունի: Թվայնացման նպատակն է նախ այդ արխիվի պահպանումը, ինչպես նաև դրա հասանելիության բարձրացումը»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Նախարարի տեղակալի փոխանցմամբ, համապատասխան տեղեկատվական կայքի միջոցով ցանկացած հանքի վերաբեյալ տեղեկատվությունը ցանկացած ոք կարող է բեռնել և ծանոթանալ:

«Սա նպաստավոր քայլ է թե ներդրողների, թե ֆինանսական կառույցների համար: Ամբողջ ընդերքի վերաբերյալ տեղեկություններ ունենալով` կարող են կազմել իրենց ծրագրերը: Ի դեպ, սա կարևոր քայլ է նաև բնապահպանների համար: Նրանք ևս կարող են ամբողջական պատկերացում կազմել հանքավայրերում առկա նյութերի վերաբերյալ»,-հավելեց Հայկ Հարությունյանը:

Կառավարության նոր ծրագրով նախատեսված է օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագրերի առկա նյութերի թվայնացման աշխատանքների հետևողական իրականացում՝ այն առցանց հասանելի դարձնելով բոլոր հնարավոր ներդրողների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում