Թրամփը մտադիր է 65 – 75 մլն դոլար հանգանակել իր պաշտոնակալության արարողության համար. NYT

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը կորպորացիաներին եւ այլ խոշոր դոնորների թույլ կտա միջոցներ մուծել իր պաշտոնակալության արարողության ֆինանսավորման համար եւ մտադիր է 65 – 75 միլիոն դոլար հանգանակել այդ նպատակի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ նշելով, որ միեւնույն ժամանակ Թրամփը «մտադիր է արգելել մուծումները գրանցված շահապաշտպաններից, որոնց ինքը հանել է իր անցումային թիմի կազմից եւ արգելել է աշխատել իր վարչակազմում»:

«Պաշտոնակալության արարողությունը պլանավորող պաշտոնատար անձինք հայտնել են, որ Թրամփը պատրաստ է կորպորացիաներից ներգրավել մինչեւ 1 միլիոն դոլար գումարի մուծումներ եւ թույլատրել նման միջոցների փոխանցումը քաղաքական գործողությունների կոմիտեների հիմնադրամներից՝ քննարկելով յուրաքանչյուր նման դեպքն առանձին,- գրել է թերթը:- Ընդհանուր առմամբ Թրամփը մտադիր Է հանգանակել 65-ից մինչեւ 75 միլիոն դոլար՝ հանդիսավոր շքերթի, պարահանդեսների եւ այն մյուս միջոցառումների համար, որոնք անցկացվում են նոր նախագահի երդմնատվության առթիվ»:

Ավելի վաղ, հիշեցնում է թերթը, պաշտոնակալության հանդիսությունների անցկացման համար ամենամեծ գումարը՝ 53 միլիոն դոլար, 2009 թվականին հանգանակել է Բարաք Օբաման:

ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողությունը տեղի կունենա 2017 թվականի հունվարի 20-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի բլրին, ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի մոտ: Հենց այնտեղ կառուցվելու է հատուկ բարձրահարթակ, որտեղից Դոնալդ Թրամփը երդում կտա որպես ԱՄՆ-ի նախագահ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում