Իրանում գնացքների բախման զոհերի թիվը հասել է 15-ի

Իրանի Սեմնանի նահանգում մարդատար գնացքների բախման զոհերի թիվը հասել է 15-ի, ըստ վերջին տվյալների՝ տուժել է ավելի քան 60 հոգի, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Press TV հեռուստաալիքին:

Իրանական Կարմիր մահիկի ներկայացուցիչ Ալի Ասգար Ահմադին հայտարարել է, որ տեղի պաշտոնյաները հայտնել են 15 զոհվածների մասին: Կազմակերպության մեկ այլ ներկայացուցչի՝ Մոստաֆա Մորթազավիի տվյալներով՝ տուժել է եւս 62 մարդ:

Ավելի վաղ տեղեկացվել էր 5 զոհվածների եւ 20 տուժածների մասին:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:40-ին Իմամշեհր քաղաքի երկաթուղային կայարանում: Գնացքներից մեկը կանգնած է եղել պլատֆորմում, երբ նրան հարվածել է մեկ այլ շարժակազմ: Բախման հետեւանքով չորս վագոններ դուրս են եկել գծերից, եւս երկուսը բռնկել են: Տեղում աշխատում են բժիշկներն ու արտակարգ ծառայությունները, փրկարարների աշխատանքը դժվարացնում են եղանակային բարդ պայմանները՝ ձնատեղումը եւ մերկասառույցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում