Իսրայելը չորրորդ օրն է՝ պայքարում է հրդեհների դեմ եւ բռնում հրկիզողներին

Իսրայելի ոստիկանությունը բռնել է այն հրկիզումների մեջ կասկածվող 12 մարդու, որոնք կարող էին հրդեհների մի մասի պատճառ դառնալ եւ որոնք չորրորդ օրն Է՝ մոլեգնում են ամբողջ երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Զինգերմանը:

Վարչապետ Բենիամին Նաթանյահուն նախօրյակին հայտարարել էր, որ հրկիզմամբ կամ դրա հրահրմամբ յուրաքանչյուր հրդեհ համարվելու է ահաբեկչական գործողություն՝ մեղավորների համար համապատասխան հետեւանքներով:

«Այժմ մենք կարող ենք հայտնել, որ ոստիկանությունը բռնել է հրկիզումների կամ դրա հրահրման մեջ կասկածվող 12 կասկածյալների»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Իրավապահ մարմիններում չեն բացահայտում բռնվածների ինքնությունը՝ խոստանալով մանրամասները հրապարակել ավելի ուշ, որպեսզի չխանգարեն հետաքննության ընթացքին:

Նոյեմբերի 25-ին ամենավտանգավոր իրադրությունն ստեղծել է Երուսաղեմի արվարձանում գտնվող Բեյթ-Մեիր ոչ մեծ բնակավայրում, որտեղից գիշերը հարյուրավոր բնակիչներ են տարհանվել: Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավարներից մեկը՝ Միկի Ռոզենֆելդը, Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ այնտեղ բռնել են հրկիզման մեջ կասկածվող երկու մարդու:

Ոստիկանական ամփոփագրերի համաձայն՝ առավոտից փչող ուժեղ քամին նախօրյակին մարված մի քանի հրդեհներ է բորբոքել Հայֆեում: Կրակի ծավալման պատճառով, որը ճգնաժամի թեժ պահին մոլեգնում էր հենց փողոցներում, Իսրայելի հյուսիսի խոշորագույն քաղաքում նոյեմբերի 24-ին տարհանվել են 12 շրջաններ՝ առնվազն 60 հազար մարդ: Առայժմ նրանց չեն թույլատրում վերադառնալ իրենց տներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում