Քննարկվել են Հայաստանում ձկնաբուծության ոլորտի զարգացմանն ուղղված խնդիրները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության անդամների հետ՝ ոլորտի խնդիրները և զարգացման ուղիները քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանադիպմանը մասնակցում էր նաև հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանը: Հանդիպման սկզբում նախարարը ձկաբույծներին կոչ է արել բաց և արդյունավետ երկխոսության` ներկայացնելու իրենց տեսակետը մեր երկրում ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, ոլորտի առավել արագընթաց և նպատակային զարգացումն ապահովելու նպատակով:

«Մենք գյուղատնտեսության ոլորտի բոլոր ճյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք ենք նախաձեռնել` դեմ առ դեմ քննարկելու բոլոր ցավոտ խնդիրները, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում և երկուստեք աշխատանքի միջոցով գտնելու դրանց առավել իրատեսական և արդյունավետ լուծման տարբերակները»,- իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է ձկնաբուծությունն առանց երկրի էկոլոգիային վնաս հասցնելու և ջրային պաշարների առավելագույնս խնայողաբար օգտագործելու միջոցով զարգացնելու հնարավորությունները` անդրադառնալով ջրօգտագործման փակ ցիկլով համակարգերի կիրառման հարցին: Ձկնաբույծների խոսքով` այս համակարգի կիրառումը ոչ միայն ծախսատար է, այլև բացասաբար կանդրադառնա արտադրած ձկնամթերքի որակական հատկանիշների վրա, ինչը կհանգեցնի սպառման ծավալների էական կրճատման, քանի որ արտաքին շուկայում հայկական ձկնամթերքն իր մրցունակությունը կարողանում է պահպանել հենց բրենդի և որակի շնորհիվ: Փոխարենը նրանք առաջարկել են առավել բալանսավորված օգտագործել ընդերքի ջրային պաշարները` ընդգծելով, որ ճիշտ բաշխման դեպքում ինքնավերականգնվող ջրային պաշարները բավարար են ձկնաբուծության առկա ծավալները նույնիսկ կրկնապատկելու համար: Հանդիպման մասնակիցները մասնավորապես շեշտել են ցածրադիր վայրերում գործունեություն ծավալող տնտեսավարողների նկատմամբ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը, և որպես լուծման առավել արդյունավետ տարբերակ` առաջարկել ջուրը տրամադրել քվոտավորված` ըստ արտ ադրության ծավալների: «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանի խոսքով` 1լ/վ ջրով տարեկան կտրվածքով կարելի է արտադրել 700 կգ ձուկ: Նախարարը նշել է, որ առաջարկը քննարկման կներկայացվի շահագրգիռ գերատեսչություններին, և արդյունքների մասին նախարարությունը տեղյակ կպահի ներկաներին: Բարձրացվել են նաև ջրի վարձավճարներին, ձկնկիթի մաքսազերծմանը, արտահանման խթանմանը, ոլորտում մրցակցության և հավասար խաղի կանոնների պահպանմանը, ներմուծվող ձկան կերի հարկմանն առնչվող և այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում