Ադրբեջանում ձերբակալվել է եւս մեկ լրագրող

Ադրբեջանում ձերբակալվել է Kanal 13 ինտերնետային հեռուստատեսության լրագրող Թեյմուր Կարիմովը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Թեյմուր Կարիմովը մեղադրվում է դիտավորությամբ անձի առողջությանը վնաս պատճառելու հատկանիշներով:

Ադրբեջանական իշխանությունները շարունակում են զանազան մեղադրանքներով իրենց համար ոչ նպատակահարմար լրագրողներին մեկուսացնելու եւ ասպարեզից հեռացնելու քաղաքականությունը:

Ադրբեջանը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված մարդու եւ մամուլի ազատության վերաբերյալ 2016 թվականի զեկույցում ամենաանազատ երկրների շարքում է:

Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում