Սերժ Սարգսյան. Հայ մտավորականության մի նոր ու հզոր շերտ է ձևավորվել մեզանում

Հայկական բանակի դեմքը հայ զինվորն է, որ բազմիցս ապացուցել է՝ մարտի դաշտում որոշիչը զենքը գործածելու կարողությունն ու մղումն է, կամքը, խիզախությունը, վճռականությունը, արժանապատվության զգացումը և առաքինությունը: Այս մասին Հայաստանի Հանրապետական Կուսակցության 16֊րդ Համագումարի ընթացքում հայտարարել է ՀՀԿ առաջնորդ, երկրի Նախագահ Սերժ Սարգսյանը։

<Այո՛, սահմանին կանգնած մեր զինվորը խիզախ մարտիկ է, բայց նա բազմապատիկ անգամ խիզախ է, երբ իր թիկունքում միասնականություն է զգում՝ բոլորիս միասնական ոգին։ Հիշենք, որ 1992-94 թվականների մեր հաղթանակների մեջ պակաս դեր չուներ նաև այն փաստը, որ Ադրբեջանի ներքին քաղաքական դաշտում քաոս էր տիրում։ Սա կարևոր դաս է, որ երբեք չպետք է մոռանանք։ Եվ սա որևէ կերպ չի էլ նսեմացնում մեր զինվորների, մեր սպաների, մեր ժողովրդի խիզախությունը:

Հայաստանի զինված ուժերը պետք է լինեն աշխարհում լավագույններից մեկը: Դրա համար մենք ունենք ամենակարևոր նախադրյալը՝ անփոխարինելի հարստությունը, որ մեր խրոխտ զինվորներն ու սպաներն են:

Ժամկետային ծառայության զինվորները մեր երկրի ապագան են, նրանք մեր ապագա նախարարներն ու վարչապետներն են, մեր գիտնականներն ու գործարարները, մեր դեսպաններն ու մարզպետները: Բանակային փորձառություն՝ գումարած բարձրագույն և որակյալ կրթություն. սա մեր վաղվա հասարակությունն է, որ ձևավորվում է արդեն այսօր՝ բոլորիս աչքի առաջ», ֊ ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում նաև նշել է, որ հայ մտավորականության մի նոր ու հզոր շերտ է ձևավորվել մեզանում, ինչը նախկինում չկար: «Այդ շերտը մեր սպայակազմն է, որը դառնում է մեր էլիտայի արժանավոր հատվածը: Ազգի մտավոր և պաշտոնական վերնախավի մաս կազմելը պետք է լինի մեր ամենաառողջ և կիրթ պատանիների ցանկությունը: Սպան հեղինակություն է վայելում հասարակության մեջ, քանի որ նրա կենսագրությունը պատմություն է կյանքում հաջողակ լինելու մասին:

Մեր կուսակցության շարքերը համալրած՝ պաշտպանության նորանշանակ նախարարն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում սպաների՝ հատկապես երիտասարդ սպաների պաշտոնեական առաջխաղացման գործընթացը կատարելագործելու համար։ Ընդհանրապես, բանակը պետք է դառնա, և ես վստահ եմ, որ շատ արագ դառնալու է արդարության չափանիշ մեր հասարակության մեջ։ Համենայն դեպս, մեր բոլոր քայլերը դրան են տանելու։ Ավելին, պետական բոլոր օղակները շատ ավելի ուշադիր պետք է լինեն և ընդգծված առաջնայնություն պետք է տան տարբեր խնդիրներ լուծելուն ուղղված՝ մեր զինվորականներից, մեր սպաներից, մեր ժամկետային զինվորների ծնողներից ստացվող դիմումներին ու հայտերին», ֊ նշել է Սերժ Սարգսյանը։

Խոսելով պաշտպանության նորանշանակ նախարարի մասին՝ երկրի ղեկավարն ասել է, որ Վիգեն Սարգսյանը վատ չի սկսել իր աշխատանքը։

«Մենք երկար քննարկել ենք մեր Զինված ուժերին վերաբերող շատ հարցեր և պայմանավորվել, որ կարճ ժամանակահատվածում բացի բանակի մարտունակության հետ կապված ընթացիկ խնդիրներից, որոնք պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում լինեն, պետք է ընդգծված առաջընթաց կարողանանք արձանագրել գնումների ոլորտում, ռազմական կրթության և ռազմաբժշկական հաստատությունների աշխատանքում։

Այսօր Հայաստանի զինված ուժերի ռազմատեխնիկական, տեխնոլոգիական և կադրային արդիականացման միջոցով մենք ձևավորում ենք ժամանակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմագիծը և զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու», ֊ նշել է Սերժ Սարգսյանը:

Երկրի ղեկավարը նաև ավելացրել է, որ Բանակը միաժամանակ կարող է դառնալ տնտեսության շարժիչ ուժը, տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը:

«Բանակը երկրի խոշորագույն սպառողներից մեկն է, ուստի այն չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի տնտեսական առաջընթացի վրա: Մեր զինված ուժերի կարիքները բավարարելուն ուղղված միջոցները, որքան հնարավոր է, պետք է ծախսվեն Հայաստանում. սննդից մինչև շինանյութ, սպառազինությունից մինչև ծրագրային ապահովում, այլ ապրանքներ ու ծառայություններ, որոնց կարիքը բանակն ունի: Մենք պետք է հնարավորինս առավելությունը տանք հայկականին՝ ակնկալելով, որ այդ կերպ երկրում ավելացված արժեք կստեղծվի:

Խոսքս վերաբերում է հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որտեղ եղած նորարարությունների հիմնական պատվիրատուներից մեկը հենց բանակն է: Հայ մասնագետներն ունակ են ստեղծելու ժամանակակից պահանջները բավարարող լուծումներ: Բանակը պետք է օգուտներ քաղի այդ լուծումներից», ֊ ասել է Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում