Քերին փորձում է Սիրիայի շուրջը ՌԴ-ի հետ համաձայնության հասնել նախքան Թրամփի պաշտոնակալությունը. WP

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին շարունակում է ջանքեր գործադրել Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջը Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար՝ չնայած պաշտոնից շուտով իր հեռանալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է Washington Post-ը, վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկէյացուցիչների:

«Հեռացող պետքարտուղար Ջոն Քերին բուռն եւ նույնիսկ աներեւակայելի դիվանագիտական ջանքեր է գործադրում, որպեսզի Ռուսաստանի հետ համաձայնության հասնի Հալեպի պաշարումն ավարտելու շուրջը»,- գրել է թերթը:

Թերթն այդ ջանքերից մեկն է համարում Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ Քերիի հեռախոսազրույցները շաբաթական երկու անգամ, ինչպես նաեւ դիվանգետների՝ վերջերս կայացած հանդիպումը Պերուում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում:

Washington Post-ի տվյալներով՝ Քերին զգուշանում է, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնն ստանձնելիս բոլորովին այլ համաձայնության կհասնի Մոսկվայի հետ, որի հետեւանքով Վաշինգտոնը կհայտնվի «անմիջականորեն» Ասադի «կողմում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում