Թրամփը հայտարարել է երեք նահանգներում ընտրությունների կեղծման մասին

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ նախագահական ընտրություններում կեղծումներ են եղել երկրի երեք նահանգներում՝ Վիրջինիայում, Նյու Հեմփշիրում եւ Կալիֆոռնիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը հանրապետականը նոյեմբերի 27-ին զետեղել է Twitter միկրոբլոգնե րի ցանցի իր էջում:

«Քվեարկության ընթացքում լուրջ կեղծումներ են եղել Վիրջինիայում, Նյու Հեմփշիրում եւ Կալիֆոռնիայում. ուրեմն ինչու ԶԼՄ-ները չեն հայտնում այդ մասին: Դա մեծ խնդիր է»,-գրել է հանրապետականը:

Բոլոր այս երեք նահանգներում հաղթանակ է տարել ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակցուհին՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:

Նոյեմբերի 27-ին ավելի վաղ Թրամփը հանդես է եկել պնդումով, որ երկրում կայացած քվեարկության ընթացքում միլիոնավոր ձայներ են տրվել օրենքի խախտումներով: «Ի լրումն այն բանի, որ ես ճնշող առավելությամբ շահել եմ քվեատուների քվեարկությունը, ես հաղթանակ եմ տարել նաեւ ընտրողների ձայներով, եթե հաշվի չառնենք այն ձայները, որոնք տրվել են անօրինականորեն»,- հավաստիացրել է քաղաքական գործիչը Twitter-ում զետեղված մեկ այլ հաղորդագրության մեջ:

Թրամփի այս հայտարարություններն արվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 25-ին «կանաչներից» ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Ջի Սթայնը պաշտոնապես խնդրագիր ներկայացրեց Վիսկոնսինի նահանգում նախագահի ընտրություններում ձայների վերահաշվարկ անցկացնելու վերաբերյալ: Նա նաեւ մտադիր է դրան հասնել Միչիգանում եւ Փենսիլվանիայում:

Բոլոր այդ երեք նահանգներում Թրամփը Քլինթոնի նկատմամբ հաղթանակ է տարել նվազագույն առավելությամբ: Սթայնը, որն ընտրությունների արդյունքում ապահովել է ընտրողների միայն մեկ տոկոսի աջակցությունը, ընդգծել է, որ իր նախաձեռնությունն ուղղված չէ տանուլ տված Քլինթոնին օգնելուն:

Նոյեմբերի 26-ին փաստաբան Մարկ Էլիասը, որն իրավաբան էր Քլինթոնի նախընտրական շտաբում, հայտարարել է, որ դեմոկրատներից նախկին թեկնածուի օգնականները նույնպես պատրաստ են բոլոր երեք նահանգներում անցկացվելիք ստուգումներին:

Ընդ որում՝ իրավաբանն ընդգծել է, թե քանի որ ձայների վերահաշվարկն արդեն նախաձեռնված է «կանաչների» կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Ջիլ Սթայլի կողմից, ապա Քլինթոնի շտաբի աշխատակիցներն էլ կմասնակցեն այդ գործընթացին:

Քվեարկության արդյունքների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն, հանրապետականն ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ 270 ձայնի փոխարեն ստացել է քվեատուների 306 ձայն: Դեմոկրատներից թեկնածու Հիլարի Քլինթոնն ապահովել է 232 քվեատուների աջակցությունը: Ընդ որում՝ ընդհանուր առմամբ Քլինթոնի օգտին ԱՄՆ-ի ավելի շատ քաղաքացիներ են քվեարկել, քան Թրամփի օգտին: Դեմոկրատն ստացել է 64 մլն ձայն, հանրապետականը՝ 62 մլն ձայն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում