Իրանը պատասխան միջոցներ է պատրաստում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների հնարավոր երկարացմանը

Իրանը պատասխան միջոցներ է պատրաստում Միացյալ Նահանգների կողմից հակաիրանական պատժամիջոցների հնարավոր երկարացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Նրա խոսքով՝ այդ միջոցները քննարկվել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարման վերահսկողության կոմիտեի նիստում, որը նախագահել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Այդ նիստում ընդունված որոշումների մասին կհայտնվի համապատասխան ժամանակ՝ ԱՄՆ-ի գործողությունների գնահատումից ու վերլուծումից հետո: Ինչպես հայտնի է, պատժամիջոցների երկարացման ընթացակարգը պետք է անցնի մի քանի փուլ: Այժմ այդ որոշումը հաստատված է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պլատի կողմից, պահանջվում է դրա հաստատումը Սենատի կողմից եւ նախագահի ստ որագրումը»,– ասել է Սալեհին:

«Եթե բոլոր այդ փուլերն անցնեն, եւ նրանք (ամերիկացիները) ցանկանան իրագործել այդ որոշումը, ապա դա կդառնա միջուկային համաձայնագրի ակնհայտ խախտում: Դա փաստ է, որն ընդունում է նաեւ ամերիկյան կողմը»,– ընդգծել է Սալեհին:

Պատժամիջոցների հնարավոր երկարացման թեման, ինչպես նաեւ Իրանի կողմից անհրաժեշտ պատասխան միջոցները «հանգամանորեն քննարկվել են կոմիտեի նիստում», տեղեկացրել է նա:

Սալեհին, այդուամենայնիվ, հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը «կդրսեւորի ողջախոհություն» եւ չի խախտի բազմակողմ միջազգային համաձայնագրի պայմանները, որը հավանության է արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձեւով:

Անցած շաբաթ Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանն ամենայն վճռականությամբ կհակազդի Միացյալ Նահանգների կողմից հակաիրանական պատժամիջոցների հնարավոր երկարացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում