Ռոուհանին հուսով է, որ Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերությունների բոլոր խոչընդոտները կվերացվեն

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, թե հուսով է, որ Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերությունների բոլոր խոչընդոտները կվերացվեն երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում, որը տեղի է ունենալու Թեհրանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:

«Մենք հուսով ենք, որ Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերությունների զարգացմանը խանգարող բոլոր հնարավոր խոչընդոտները կվերացվեն այդ հանդիպման ընթացքում, որի ընթացքում նաեւ կկատարվեն փոփոխություններ… այդ թվում՝ միջբանկային համագործակցության դյուրացման եւ այցագրերի չեղարկման հարցում»,– ասել է Ռոուհանին: Իրանի նախագահը նաեւ նշել է Թեհրանի եւ Մոսկվայի համագործակցությունը ահաբեկչության դեմ մղվող պայքարում, ներառյալ Սիրիայում:

Առեւտրատնտեսական համագործակցության ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի եւ Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի նախագահությամբ, կկայանա դեկտեմբերի 13-ին Թեհրանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում