Օհայոյի նահանգի համալսարանի տարածքում հարձակումը կատարել է 18-ամյա սոմալիացի փախստականը

Օհայոյի պետական համալսարանի տարածքում հարձակումը կատարել է Աբդուլ Ռազաք Ալի Արթան անունով սոմալիացի փախստականը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին հայտնել է BBC News-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Տասնութամյա Ալի Արթանն ուսանողական ավանում ավտոմոբիլով մխրճվել է մարդկանց մեջ, ինչից հետո դուրս է եկել եւ սկսել սառը զենքով գրոհել անցորդների վրա: Հարձակումը դադարեցրել է ոստիկան Ալան Հորուժկոն՝ գնդակահարելով Ալի Արթանին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա եղել է համալսարանի ուսանող:

Ոստիկանության վարկածով պատահարը պետք է գնահատել որպես ահաբեկչական գործողություն: Հետաքննությանը միացել է Հետաքննությունների համերկրային բյուրոն: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ Աբդուլ Ռազաք Արթանը սոցիալական ցանցերում գանգատվում էր մուսուլմանների նկատմամբ ճնշումներից:

Հարձակման հետեւանքով տուժել է 11 մարդ, նրանցից մեկը գտնվում է օրհասական վիճակում:

Ալի Արթանն ԱՄՆ-ում մշտական կեցության վկայագիր է ստացել երկու տարի առաջ: Նա Սոմալիից Պակիստան է մեկնել 2007 թվականին՝ ընտանիքի հետ, որտեղ ապրել է մինչեւ Ամերիկա արտագաղթելը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում