Տեսանյութ է հայտնվել Կոլումբիայում ինքնաթիռի անկման վայրից

 Տեսանյութ է հայտնվել Կոլումբիայում ինքնաթիռի անկման վայրից, որում եղել են «Շապեկոենսե» բրազիլական ակումբի ֆուտբոլիստները: Այն հրապարակել է Ruptly-ն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Սկզբում տեղեկատվություն էր հայտնվել, որ վթարի հետեւանքով զոհվել են օդանավում եղած բոլոր մարդիկ, այնուհետեւ տեղեկացվել էր տասը փրկվածների, իսկ հետո՝ վեց փրկվածների մասին:

Նախնական տվյալներով՝ փրկվածների թվում են՝ «Շապեկոենսե» ակումբի ֆուտբոլիստներ՝ պաշտպան Ալան Ռուշելը եւ դարպասապահ Դանիլո Պադիլյան: Նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոց: Այդ մասին Twitter-ում հայտնել է RCN ռադիոն:

Ավիաաղետը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ի ուշ երեկոյան (Երեւանի ժամանակով նոյեմբերի 29-ի առավոտյան) օդանավում վառելիքի անբավարարության պատճառով: Օդանավում եղել է 81 մարդ, այդ թվում՝ անձնակազմի ինն անդամներ, «Շապեկուենսե»-ի ֆուտբոլիստներ ու ակումբի անձնակազմի անդամներ, ինչպես նաեւ ակումբին առընթեր հավատարմագրված լրագրողներ:

Մարզիկներն ուղեւորվել էին կոլումբիական Մեդելյին՝ մասնակցելու տեղի «Ատլետիկո նասիոնալ» թիմի հետ Հարավկորեական գավաթի առաջին եզրափակիչ մրցախաղին: Հաղորդվում է, որ Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան հետաձգել է մրցախաղը, ինչպես նաեւ մինչեւ հատուկ կարգադրություն կասեցրել է իր հովանուն ներքո միջազգային բոլոր մրցումների անցկացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում