Մեր իրականությունում շատ կան կուսակցություններ, որոնք ունեն նույնիսկ փոխնախագահի խնդիր

Այս օրերին հաճախ է խոսվում մարդ կուսակցությունների մասին: Բնականաբար մեր իրականությունում շատ կան կուսակցություններ, որոնք ունեն նույնիսկ փոխնախագահի խնդիր, քանի որ կուսակցության նախագահից բացի, չկա որևէ մի այլ անձ, որը կզբաղեցնի փոխնախագահի պաշտոնը:

Սակայն մեր կուսակցական համակարգում, գրեթե բոլորն են մարդ կուսակցություններ, շատ փոքր բացառություններով: Թերևս ներկա պահին կարելի է առանձնացնել միայն ՀՅԴ-ն: Մնացած գրեթե բոլորն իրենցից ներկայացնում են մարդ կուսակցություններ, պարզապես մի մասը բառիս ուղղակի, մյուս մասն անուղղակի իմաստով:

Շատերին թվում է, որ եթե որևէ կուսակցության շարքերը համալրված են բազմահազարանոց անդամներով, ուրեմն այդ կուսակցությունն իրենից ներկայացնում է հզոր գաղափարական ուժ, սկզբունքային նպատակասլացություն, անպարտելի միավոր: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես բառիս բուն իմաստով մարդ կուսակցություններում, այդպես էլ այդ բազմահազարանոց միավորներում որոշողն ու բոլորին իրար կապողը կրկին ընդամենը մեկ մարդ է ու երբ այդ մեկ մարդուն դուրս բերես այդ կուսակցությունից, ապա նրա շարքերը կհալվեն աննկարագրելի արագ:

Պատճառն այն է, որ մեզանում գաղափարախոսություն կոչվածը ունի խիստ երկրորդական դեր, եթե առհասարակ որևէ դերակատարություն ունի: Դա ապահովում է սոսկ որևէ կուսակցության արտաքին փայլը, գովազդը, բանավեճերի ժամանակ կիրառվող թեման: Դա ընդամենը գործիք է որևէ մեկի հետ բանակցելուց կամ համագործակցության դաշն կնքելու, կամ մերժելու: Սակայն մնացյալ բոլոր պարագաներում մարդիկ համախմբվում են ընդամենը մեկ մարդու շուրջ:

Սովորաբար բազմանդամ կուսակցություններում, շարքերի ճնշող մեծամասնությունը նույնիսկ տեղյակ էլ չէ իր կուսակցության դավանած գաղափարախոսությանը: Գաղափարական հարցաթերթիկ բաժանեք բոլոր կուսակցությունների անդամներին ու մեծ է հավանականությունը, որ մի շարք լիբերալ գաղափարախոսություն կրող կուսակցություններում կհայտնաբերեք սոցիալիստների և հակառակը: Այլ գաղափարախոսություններ չեմ մատնանշում, քանի որ մնացած բոլորն այս կամ այն կերպ բխում են այս երկուսից: Նման «անտեղյակ» մարդկանց կարող եք բացահայտել ոչ միայն կուսակցությունների շարքերում, այլ նույնիսկ ղեկավար մարմիններում: Պատճառը սոսկ մեկն է, Հայաստանում դասական առումով կուսակցություն գոյություն չունի: Կա ընդամենը մարդկանց միավորում մեկ այլ մարդու շուրջ և վերջ:

Ի դեպ նույն իրավիճակն է նաև իշխող քաղաքական միավորում: Երբ կուսակցության անդամների թվաքականը օր օրի սկսում է մոտենալ ողջ բնակչության թվաքանակին, երբ մեկ օրում 7000 մարդ է անդամագրվում այդ ուժին, ապա դա պարզ ցույց է տալիս, որ գաղափարների կիսելը, ծրագրերի ու մոտեցումների ընդունումը սոսկ գեղեցիկ բառեր են, առանց որևէ իմաստի:

Դժվար է պատկերացնել, որ 7000 մարդ գիշերը հանգիստ պառկեցին քնելու, առավոտյան տեղներից վեր թռան նժդեհականությամբ բռնված: Դա ապացուցում է, որ տվյալ դեպքում մարդիկ համախմբվում են արդեն ոչ թե նույնիսկ մեկ անձի, այլ վարչական մեքենայի շուրջ, տարբեր ակնկալիքներով: Նման դեպքում բազմահազարանոց կուսակցությունից, մարդ կուսակցության վերածվելն ընդամենը մեկ քայլ է:

Երբ իշխող ուժը հպարտանում է, որ իրենց կուսակցությունը ունեցել է երեք առաջնորդ, սակայն շարունակել է մնալ քաղաքական թատերաբեմում, ապա այդ ասածում իրոք կա ճշմարտություն, սակայն դա չի արտացոլում կուսակցության մրցունակությունը, գաղափարական ամրությունն ու անդամների սկզբունքայնությունը: Ու որքան էլ այդ ասողն իրոք անկեղծորեն այդպես մտածի, ամեն դեպքում դա չի փոխում իրականությունը:

Իսկ իրականությունն այն է, որ այդ ուժը երբևէ ընդդիմություն չի եղել ու երբեք չի բախվել իշխանության կոշտ մոտեցումներին ու գործողություններին: Տվյալ ուժի անդամները երբևէ չեն զգացել ընդդիմադիր լինելու «քաղցրությունը»: Տվյալ ուժի անդամները երբևէ չեն զգացել իշխանական ու պետական ապարատի ճնշումները իրենց մաշկի վրա, բոլոր ասպարեզներում, լինի տնտեսական, թե իրավական: Ինչ խոսք նման պայմաններում տվյալ ուժը տեսականորեն կարող է հավերժ գոյատևել, սակայն գործնականում ոչինչ հավերժ չի լինում: Եվ այն օրը, երբ այդ ուժը հեռանա իշխանությունից, միայն այդ ժամանակ ակներև կդառնա այդ միավորի կայունության ու դիմացկունության աստճանը:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում