Պարենային շուկայի գնային պատկերը՝ հոկտեմբերին

Հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Հայաստանում արձանագրվել է պարենային ապրանքների 0.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, ձվի, շաքարավազի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի գնաճով:

ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ հոկտեմբերին պարենային շուկայում գնային փոփոխությունները գրանցելու նպատակով դիտարկվել են 13 պարենային ապրանքախմբեր, որոնցից 9-ում գրանցվել է 0.2-6.2% գնաճ, 3-ում` 1.1-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 6.2% գնաճ: Շաքարավազի հանրապետական միջին գինը 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ աճել է 12.9%-ով, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.9%-ով:

Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ աճել է 14.1%-ով, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.9%-ով:

Միևնույն ժամանակ, 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 3.6% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.0% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ: Մրգի ապրանքախմբում 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 9.4%, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ` 0.2% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 2.9% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ` 0.2% գնաճ: 2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի՝ 0.2%, այլ մթերքի՝ 0.2%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.9% գնաճ: Հրուշակեղենի, հացամթերքի և ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբերում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 1.1-0.1% գնանկում, իսկ սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Հուսանք, որ գազի սակագնի նվազումը կնպաստի պարենային ապրանքների ինքնարժեքի նվազմանը, որն էլ կհանգեցնի այդ գալիք ամիսներին ապրանքների որոշակի գնանկման:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում