Brent մակնիշի նավթի գինը հոկտեմբերի 28-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 50 դոլարի նշագիծը

Նավթի համաշխարհային գները նոյեմբերի 30-ին կայացած սակարկությունների ընթացքում արագացրել են աճը Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Հալիդ ալ Ֆալիհի արած հայտարարություններից հետո. Brent մակնիշի նավթի արժեքը հոկտեմբերի 28-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է բարելի դիմաց 50 դոլարի՝ հոգեբանական նշագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները:

Երեւանի ժամանակով ժամը 13:32-ի դրությամբ Հյուսիսային ծովի Brent մակնիշի նավթային խառնուրդի փետրվարի ապառնագրերի արժեքն ավելացել է 5,62 տոկոսով՝ մինչեւ մեկ բարելի դիմաց 49,98 դոլար: Ավելի վաղ այն հոկտեմբերի 28-ից ի վեր առաջին անգամ գերազանցել էր բարելի դիմաց 50 դոլարի հոգեբանական նշագիծը: WTI մակնիշի նավթի հունվարի ապառնագրերի գինը բարձրացել է 5,33 տոկոսով՝ մինչեւ մեկ բարելի դիմաց 47,62 դոլար:

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված նավթի արդյունահանման շուրջն ՕՊԷՔ-ի համաձայնության կապակցությամբ: Նա նշել է, որ ՕՊԷՔ-ի երկրները մոտեցնում են դիրքորոշումները, եւ այժմ քննարկում են երկրների միջեւ նավթի հանույթի կրճատման արդար բաժանման հարցը:

Վիեննայում նոյեմբերի 30-ին տեղի է ունենում ՕՊԷՔ-ի պաշտոնական հանդիպումը, որտեղ կազմակերպությունը կարող է վերջնականապես լուծել նավթի հանույթի իր մակարդակի սահմանափակման հարցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում