Հայաստանում գործող լիբանանյան ընկերությունները ապահովում են 3000-4000 աշխատատեղեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնի և Լիբանանի համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեսպան Ժան Մաքարոնն իր ներածական խոսքում ողջունել է նախարարության բարեփոխումները և ՀՀ կառավարության ակտիվ տնտեսական դիմագիծը:

Դեսպանը ներկայացրել է Հայաստանում լիբանանյան ներդրողների հետաքրքրությունների շրջանակը, մասնավորապես նշելով հետևյալ ոլորտները` սուրճի, քաղցրավենիքի արտադրություն, զբոսաշրջություն, աղբանահություն և գյուղատնտեսություն:

Լիբանանի դեսպանը նախարարին հայտնել է, որ Հայաստանում գործող լիբանանյան ընկերությունները ՀՀ քաղաքացիներին ապահովում են 3000-4000 աշխատատեղերով: Ժան Մաքարոնը հավելել է, որ շահագրռված է աշխուժացնելու Լիբանանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցությունը:

Նախարար Սուրեն Կարայանը լսել է լիբանանյան ներդրողներին հուզող խնդիրները, որոնք հիմնականում առնչվում են հարկային և մաքսային ոլորտներին: Նա նշել է, որ նոր Կառավարության քաղաքականությունն է` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում նվազեցնել հսկիչ գները: Նախարարը հորդորել է գործարարներին նման խոչընդոտների բախվելու դեպքում դիմել նախարարություն:

Սուրեն Կարայանը հանձնարարել է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամին մշտապես կապի մեջ լինել Լիբանանի համայնքի խորհրդի հետ` իրազեկվելու վերջիններիս խնդիրների վերաբերյալ: Նախարարը վստահեցրել է, որ նախարարությունը կանի առավելագույնը, որպեսզի լիբանանցի գործարարների համար Հայաստանի գործարար միջավայրը լինի առավել հարմարավետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Ժան Մաքարոնին հանդիպման համար և հույս հայտնել, որ լիբանանյան ներդրումների ներուժը լավագույնս կիրացվի Հայաստանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում