Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը մեկնաբանել է «ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը «Առաջին լրատվականի» խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշել է, որ ստորագրված փաստաթղթով Հայաստանը և Ռուսաստանը պարտավորվում են համատեղ վերլուծել ռազմաքաղաքական իրավիճակը, սահմանել զորքերի միավորված խմբավորման կազմը, կազմակերպել խմբավորման ղեկավարումն ու կիրառումը, համատեղ լուծել միացյալ հրամանատարության ստեղծման հետ կապված հարցերը, ապահովել զորքերի, հետախուզության, զենքի կառավարման, նյութատեխնիկական բազայի միասնականության, կառավարման միացյալ համակարգի ստեղծման, ինչպես նաև օպերատիվ-մարտավարական խնդիրների համատեղ իրականացումը:

Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն ընդգծել է նաև, որ Միացյալ զորախումբը սահմանված պատասխանատվության շրջանակում նախատեսված է հակազդելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված ագրեսիային, երկու պետությունների բնակչության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում