Թուրքական «Զաման» պարբերականի Գերմանիայի համարը դադարեցնում է թողարկումը

Թուրքական հայտնի «Զաման» պարբերականի գերմանական համարը դեկտեմբերի 1-ին լույս է տեսել վերջին անգամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Պարբերականի նախկին գլխավոր խմբագիր և սկյունակագիր Սուլեյման Բաղը հայտնել է, որ Թուրքիայում «Զաման» պարբերականի փակվելուց հետո «Զաման Գերմանիա»-ի փակմամբ պարբերականի որևէ տպագիր օրգան այլևս չի մնում:

«Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ ուղղված վհուկների որս է ընթանում»,- նշել է Բաղը: Նա ընդգծել է, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում փակված «Զաման» պարբերականը կազմում էր «Զաման Գերմանիա»-ի բովանդակության 70 տոկոսը:

Թուրքական «Զաման»-ի փակվելուց հետո մեծացել է ճնշումը պարբերականի գերմանացի ընթերցողների վրա: Եթե 2010 թվականին պարբերականն ուներ 30 հազար բաժանորդ, ապա վերջին շրջանում դրանց թիվը հասել էր 8 հազարի:

«Զաման Գերմանիա»-ի էլեկտրոնային տարբերակը կգործի մինչև 2016 թվականի վերջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում