Չարենցավանում ներկայացվել են նոր գործարար գաղափարներ

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրին մասնակցած սկսնակ գործարարների մշակած գործարար ծրագրերի ներկայացումը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ից:

Ծրագիրն իրականացել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: Սկսնակ գործարարների դասընթացը մեկնարկել է 2016 թվականի հոկտեմբերին:

Մասնակիցների համար անվճար դասընթացը վարել են «Երեք ար ստրատեգիա» կազմակերպության մասնագետները: Ծրագրի ընթացքում մասնակիցներն ստացել են բիզնեսի պլանավորման՝ շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսական պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ, որի արդյունքում մշակել են անհատական գործարար ծրագրեր: Ծրագրին մասնակցած 22 սկսնակ գործարարներից 18-ը ներկայացրել է գործարար ծրագրեր:

Գործարար ծրագրերը ներառել են խմորեղենի, սուրճի, սնկի, չրերի, բաստուրմայի և սուջուխի արտադրության, զբոսաշրջային գործակալության, սառնարանային տնտեսության, ջերմոցային տնտեսության և թեյարանի հիմնման գաղափարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում