ԸՕ-ի դրույթները պետք է անվերապահորեն կյանքի կոչվեն. Տիգրան Մուկուչյանը՝ ռեյտինգային քվեարկության մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթների մեջ չի մտնում Ընտրական օրենսգրքի դրույթների վերաբերյալ տեսակետներ ներկայացնելը: ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե հանրության և ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ մտահոգություններ կան՝ կապված ռեյտինգային քվեարկության հետ: «Կա Ընտրական օրենսգիրք և դրա դրույթները պետք է անվերապահորեն կյանքի կոչվեն: Իսկ գնահատականներ տալը քաղաքական ուժերի գործն է, և կարող եք նրանց դիրքորոշումները ճշտել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մուկուչյանը:

Նա անդրադարձավ նաև «Կուսակցությունների մասին» օրենքին, որն Ազգային ժողովն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է և որով որոշակի մեղմացումներ են նախատեսվում: Անդրադառնալով հարցին, թե օրենքի ընդունումը որքանով կարող է նպաստել նրան, որ առաջիկա ընտրություններին մեծ թվով կուսակցություններ մասնակցեն՝ Մուկուչյանն ընդգծեց, որ Ընտրական օրենսգրքով հստակ ամրագրված է, թե ինչ կարգով են կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները մասնակցելու ընտրություններին: «Եթե կուսակցությունները ցանկություն հայտնեն մասնակցել ընտրություններին, հայտ ներկայացնեն մասնակցելու, հանձնաժողովի գործառույթն է օրենսգրքի պահանջներին համապատասխան ուսումնասիրել վերջինիս փաստաթղթերը և, եթե դրանք բավարարում են օրենքի պահանջները, իրականացնել գրանցում»,- նշեց ԿԸՀ նախագահը:

Հարցին, ընտրական գործընթացը չի՞ բարդանա, եթե շատ կուսակցություններ մասնակցեն ընտրություններին, Մուկուչյանը պատասխանեց, որ կազմակերպչական առումով աշխատանքը կբարդանա, դա բերելու է լրացուցիչ աշխատանքի, սակայն դա բնավ չի կարող հիմք հանդիսանալ որևէ մեկի իրավունքները սահմանափակելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում