Մի դույլ ցեխ «Արմենիա» ավիաընկերությունից

Վերջին օրերին հայկական ավիաշուկայի հիմնախնդիրները կրկին հայտնվել են հանրության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այս ոլորտում առաջացած ճգնաժամն արդեն քանի տարի շարունակ խոչնդոտում է երկրի մի շարք ոլորտների բնականոն զարգացմանն ու ՀՀ քաղաքացիների՝ անվտանգ և մատչելի ճամփորդելու իրավունքին։ Ժամանակ առ ժամանակ շուկայում հայտնվում են ընկերություններ, որոնք սեփական կարճաժամկետ ֆինանսական հարցերը լուծելու նպատակով երկնքից աստղեր են խոստանում քաղաքացիներին, հետո անէության գիրկն ընկնում՝ սպասելով, թե էլ երբ կարող են հարմար պահ որսալ նոր եկամուտներ ապահովելու համար։

Այդպիսի կազմակերպություններից մեկը «Արմենիա» ավիաընկերությունն է, որը մեկ տարի առաջ որպես ազգային փոխադրող մուտք գործեց հայկական շուկա, ամառային ծանրաբեռնված ամիսներին որոշ պոպուլար ուղղություններով չարտերային թռիչքներ իրականացրեց և անհետացավ։ Ընդամենը երկու֊երեք ամիս պետք եկավ հասկանալու համար, որ կանոնավոր չվերթներ խոստացած ավիաընկերությունն իրականում այլ խնդիրներ էր լուծում Հայաստանում։ Նրանց հետաքրքրում էր բացառապես ամռան սեզոնից ստացված եկամուտը։ Ուստի զարմանալի չէ, որ «Արմենիա» ավիաընկերության ներկայացուցիչներն արդեն այսօր սկսել են պատրաստվել հաջորդ ամռանը։ Նախօրեի նրանց ասուլիսն ասվածի վառ ապացույցն է։ Լրագրողների հետ հանդիպմանը մարդիկ հետները մի դույլ ցեխ էին բերել՝ հայտարարելով, թե Հայաստանում ավիափոխադրումների ոլորտում կրիմինալ մրցակցություն է։

«Արմենիա» ավիաընկերության հիմնադիրներն ու ղեկավարները իրենց չպահպանված խոստումները հիմնավորում էին «Զվարթնոցի» բարձր սակագներով, նավիգացիայի վճարներով, մրցակիցների քաղաքականությամբ և այլն, և այլն։ Տպավորություն է ստեղծվում, թե հայկական ավիաշուկա մուտք գործելուց առաջ նրանք որևէ տեղեկություն չունեին այս ոլորտի իրողությունների մասին և հիմա հանկարծ ամեն ինչ բացահայտեցին։ «Այս տարվա ընթացքում ունեցանք բազմաթիվ խնդրներ։ Օրինակ՝ պլաններ ունեինք թռիչքներ իրականացնել դեպի Թել Ավիվ, նույնիսկ արեցինք մի քանի թռիչք, որից հետո դրանք դադարեցվեցին, քանի որ թույլտվություն չստացանք»,- ասուլիսի ընթացքում ասել է ընկերության հիմնադիր֊նախագահ Թամազ Գաիաշվիլին՝ արհեստավարժորեն շրջանցելով այն թեման, թե ինչու չեն ստացել այդ թույլտվությունը, ինչը շատ հասկանալի է. ո՞ր մի ընկերության ղեկավարը կխոստովաներ, որ իրենց ինքնաթիռները հին են և չունեն միջազգային որակին համապատասխան արտոնագրեր։ Փոխարենը միշտ կարելի է մեղադրել մրցակիցներին «դեմպինգային քաղաքականություն» իրականացնելու մեջ, փորձել հարցը զուտ բիզնես ոլորտից տեղափոխել, օրինակ, հակառուսական տրամադրություններ սերմանելու դաշտ և այն։

Սակայն արդարության համար պետք է նշել, որ Կառավարությունից «Արմենիա» ավիաընկերությունը դժգոհելու պատճառ իրապես ունի։ Չէ՞ որ, երբ նրանք եկան Հայաստան բոլորովին այլ որակի աջակցություն էին սպասում այն ժամանակ գործող Կառավարությունից։ Անգամ որոշ բաներ ստացան, օրինակ, ազգային փոխադրողի կարգավիճակ՝ չնայած դրա համար անհրաժեշտ ոչինչ չունեին, բացի որոշ հեղինակավոր գործիչների հովանավորչությունից։ Իսկ հիմա ահա իրավիճակ է փոխվել։ Նոր Կառավարության հետ նորից բանակցելու անհրաժեշտություն է առաջացել և այդ խնդիրն արդյունավետ լուծելու համար «Արմենիա» ավիաընկերությունում ուրիշ ոչինչ չեն մտածել, քան որդեգրել այն սկզբունքը, թե լավագույն պաշտպանությունը հարձակումն է։

Իրականում այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան կարևոր խնդրի չվերաբերվեր։ Ամբողջ խնդիրն այն է, որ ինչ֊որ վրացական ավիաընկերություն, որը ձախողել է Վրաստանում, մեկ տարի առաջ որոշել է Հայաստան տեղափոխվելով փրկել իր բիզնեսը։ Իսկ որոշ հայ պաշտոնյաներ և կառույցներ, այդ թվում նաև Քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ինչ֊ինչ պատճառներից ելնելով, կարծել են, թե մեր երկիրն այնուամենայնիվ կարելի է փորձադաշտի վերածել ձախողակ վրացիների համար։ Արդյունքում, ՀՀ քաղաքացիները սկսել են թռչել անորակ և ոչ անվտանգ ինքնաթիռներով, ինչը, փառք Աստծո, երկար չտևեց։ Հիմա նույն մարդիկ պատրաստվում են հաջորդ ամռան սեզոնին։ Ընդամենը։ Եվ վայ մեզ, եթե «ազգային փոխադրող» կոչվածը, որն, ինչպես արդեն ասացի, ընդամենը վրացական չստացված բիզնես պրոեկտ է, կարողանա իրագործել իր այդ նպատակները։ Հայաստանը խոպանի տեղ չէ տարատեսակ բախտախնդիրների համար, իսկ ավիացիան էլ այն ոլորտը չէ, որտեղ կարելի է փորձարկումներ անել և ռիսկի ենթարկել մարդկանց կյանքը։ Սա այդ դեպքը չէ, պարոնայք, սթափվեք, քանի որ հետևանքները կարող են շատ ծանր լինել թե՛ ձեզ և թե՛ բոլորիս համար։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում