«Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ծառայողների կողմից փողերի լվացման նախաքննությունը շարունակվում է

ԱԱԾ-ում քննվող՝ փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերի խարդախության և առևտրային կազմակերպության աշխատակցի կողմից լիազորությունները չարաշահելու գործով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում՝ «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ծառայողների կողմից առերևույթ իրենց կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու, խարդախությամբ՝ խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու, ապա հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 190 –րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննությունը գտնվում է ընթացքում, որի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել և կատարվում են բազմաթիվ քննչական գործողություններ: Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ հարցին ԱԱԾ-ից առայժմ ձեռնպահ են մնացել պատասխանել։

«ՀՀ քրեական դատավարության 201-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ քննության տվյալների հրապարակման անթույլատրելիության սկզբունքից և նախաքննության շահերից ելնելով, նշված փուլում նպատակահարմար չենք գտնում հրապարակել կատարված քննչական գործողությունների մասին կոնկրետ տվյալներ»,- նշվում է գրավոր պատասխանում: Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ քրեական գործում շրջանառվում է «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ նախկին տնօրեն Արմեն Խանդկարյանի անունը։ Մեր տեղեկություններով՝ նրա դեմ բողոք ներկայացրած անձինք պնդում են, որ նա խարդախությամբ և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու Ճանապարհով, 2009թ. դրածո անձանց անուններով ձևակերպել է վարկային պայմանագիր 800.000 ԱՄՆ դոլարի, իսկ 2012թ. 60 մլն դրամի չափով, որի ընթացքում ձևական կնքված պայմանագրով հափշտակել է գրավադրված անշարժ գույքերը և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու նպատակով դրանք փոխանցել արտասահմանյան կազմակերպությունների հաշվեհամարներին ու տնօրինել դրանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում