Իրանը մտադիր է դադարեցնել ԱՄՆ-ի ապրանքների գնումը՝ ի պատասխան պատժամիջոցների երկարացման

Իրանցի խորհրդարանականներն օրինագիծ են պատրաստել Թեհրանի կողմից ամերիկյան ապրանքների գնումը արգելելու վերաբերյալ՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների երկարացման: Այդ մասին, հայտնել է Sputnik գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանի մի աղբյուրի:

«Մեջլիսի անդամները պատրաստել են օրինագիծ, որը կարգելի ամերիկյան սպառողական որեւէ ապրանքի գնումը: Դա պատասխան է Իրանի դեմ պատժամիջոցները երկարացնելու ԱՄՆ-ի Սենատի որոշմանը»,- ասել է աղբյուրը եւ հավելել, որ այդ օրինագիծը քվեարկության կդրվի խորհրդարանում:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշախանությունների կողմից Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարացումը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի խախտում է: «ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից պատժամիջոցների երկարացումը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի խախտում է: Մենք այդ մասին կհայտնենք Իրանի այն կոմիտեին, որը կոչված է հետեւելու գործարքի իրականացմանը»,- դեկտեմբերի 2-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների մասին՝ ներկայիս օրենքի գործողությունը 10 տարով երկարացնելու՝ ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծին: Փաստաթուղթն ԱՄՆ-ի նախագահին թույլ է տալիս սահմանափակումներ կիրառել նրանց դեմ, ովքեր առնչություն ունեն Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման, ահաբեկչության օժանդակման հետ, ինչպես նաեւ մեղավոր են մարդու իրավունքների խախտման մեջ:

Այժմ փաստաթուղթը պետք է դրվի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի սեղանին: Վարչակազմում ավելի վաղ հայտարարել են, որ պետության ղեկավարը հավանություն չի տա այն նախաձեռնություններին, որոնք կարող են ձախողել Իրանի հետ կնքնված միջուկային գործարքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում