Հաշմանդամություն ունեցողների համար ԲԿ-ներն առավել մատչելի դարձնելու աշխատանքներ են տարվում. Ծաղիկ Վարդանյան

2016 թվականին հայաստանյան 4 բժշկական հաստատություններում` «Աստղիկ», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», Կապանի եւ Մեղրու տարածքային բժշկական կենտրոններում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրի մատչելիությանն ուղղված աշխատանքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

«Բոլորս էլ գիտենք, որ շատ վաղուց հատուկ եւ սոցիալական խմբերի մեջ ներառված են հաշմանդամություն ունեցող անձինք եւ նրանք արտոնյալ ու անվճար պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում են ստանում: Խոսքը տարեկան շուրջ 80.000 դեպքի մասին է»,- նշեց նա:

Ծաղիկ Վարդանյանի խոսքով` բժշկական հաստատություններում մատչելի միջավայրի ստեղծման աշխատանքները շարունակական են, իսկ առաջիկա տարիների համար ընտրված են մի քանի բժշկական հաստատություններ, որտեղ պետք է իրականացվեն այդ աշխատանքները:

«Այդ աշխատանքները, բնականաբար, պետք է իրականացվեն բոլոր կազմակերպություններում: Խոսքը թեքահարթակների առկայության, հիվանդասենյակների, վերելակների, սանհանգույցի մատչելիության մասին է: Ցանկալի կլիներ, իհարկե, որ միանգամից բոլոր բժշկական կազմակերպություններում ներդրվեին այդ աշխատանքները, սակայն հասկանալի պատճառներ կան: Աշխատանքները չեն սահմանափակվելու միայն 2016 թվականով: Այս աշխատանքներն, իհարկե, կարեւոր են, սակայն առողջապահության մեջ առաջնային հարց է հաշմանդամության կանխարգելումը, որի հետ կապված մենք կազմակերպում ենք վաղ տարիքում մի շարք սքրինինգներ, վաղ կանխարգելման միջոցառումներ 18 տարեկանից ցածր եւ բարձր տարիքի անձանց համար»,-ընդգծեց առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում