ՀՀ Գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան

ՀՀ Գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան: ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տրամադրված հաղորդագրության մեջ նշվում է.

«Նկատի ունենալով անձանց խախտված իրավունքների վերականգման և ՀՀ Սահմանադրության անմիջական գործողության ապահովման կառուցակարգերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների իրավաբանական բնույթն ու ինքնուրույն դատավարական արժեքը, ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ որոշելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի 2-րդ կետի և 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթների՝ համապատասխանությունը ՀՀ Ս ահմանադրությանն այնքանով, որքանով դրանք վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի (վճռաբեկ դատարանի որոշումն էական նշանակություն կարող է ունենալ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու համար) առկայությունը փաստարկելիս հնարավորություն չեն տալիս վկայակոչել և այդ կապակցությամբ դիրքորոշումը հիմնավորել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասից բացի, նաև նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումներով, ինչպես նաև 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթի համապատասխանությունն այնքանով, որքանով այն սաhմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշումները չի համարում դատական ակտը վերանայելու և վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու հիմք հանդիսացող նոր հանգամանք:

Դիմումում փաստարկվել է, որ նշված դրույթներով սահմանված իրավակարգավորումը չի բխում ՀՀ Սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակից, անհամաչափորեն սահմանափակում է սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության (հոդված 61), դատարանի մատչելիության (հոդված 63), դատական ակտի վերանայման` (հոդված 69) իրավունքները, չարդարացված խոչընդոտներ առաջացնում անօրինական և անհիմն դատական ակտերը բողոքարկելու՝ ՀՀ դատախազության լիազորության իրականացման համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում