Օքլենդում հրդեհի զոհերի թիվը հասել է 33-ի

ԱՄՆ-ի Օքլենդ քաղաքի գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի վայրում փրկարարները հայտնաբերել են 33 մարդու մարմին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 30 զոհվածների մասին:

«Թիվն աճել է մինչեւ 33»,- մեջբերում է սերժանտ Ռեյ Քելլի խոսքը France-Presse գործակալությունը: Նա նաեւ նշել է, որ փրկարարներին արդեն հաջողվել է ստուգել այրված շենքի 35-ից մինչեւ 40 տոկոսը: Associated Press գործակալությունն, իր հերթին, հայտնել է, որ հրդեհի զոհերի թվում կան դեռահասներ: Ինչպես նշել է հեռուստաալիքը, սույն փաստով սկսվել է հետաքննություն:

Օքլենդի գիշերային ակումբում հրդեհը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին: Քաղաքի իշխանությունները չեն բացառում, որ հրդեհի զոհ կարող է դառնալ մինչեւ 40 մարդ: Նախնական տեղեկատվությամբ՝ շենքում հրդեհի ժամանակ եղել է 50-ից մինչեւ 100 մարդ: Թե ինչն է դարձել բռնկման պատճառը, առայժմ հայտնի չէ: Հրդեհը խոշորագույններից մեկն է դարձել Կալիֆոռնիայի այս քաղաքի պատմության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում