Ճամբարակի տնտեսություններից մթերած կաթի դիմաց պարտքեր կան կուտակված

«Աշտարակ կաթ» ընկերությունը շարունակում է պարտք մնալ Ճամբարակ քաղաքի բնակչությանը՝ ավելի քան 70 միլիոն դրամի չափով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, «Աշտարակ կաթը» կաթ է մթերել Ճամբարակ քաղաքի, ինչպես նաեւ շրջակա համայնքների բնակիչներից ու դրա դիմաց չի վճարել ամիսներ շարունակ, չի վճարել նաեւ Ճամբարակի պանրագործարանի աշխատողների աշխատավարձը շուրջ 7-8 ամիս, ինչի արդյունքում գոյացել է հսկայական պարտք, որի համար ճամբարակցիներն ահազանգում են ու մտահոգվում:

«Մեր տնտեսություններից մթերված կաթի դիմաց «Աշտարակ կաթը» գումար չունի, որ կարողանա վճարել կուտակված պարտքը, դրա համար ճամբարակցիները որոշեցին Ճամբարակի պանրագործարանից վերցնել արտադրված 60 տոննա պանիրը՝ իրենց պարտքերի դիմաց: Բայց այստեղ էլ ուրիշ խնդիր ունենք: «Ռոքֆորն» այնպիսի տեսակի պանիր է, որը հնարավոր չէ բարձր գներով վաճառել տեղական շուկայում: «Աշտարակ կաթի» հետ երկարատեւ բանակցություններից հետո բնակիչներն ու պարտատերը եկել են համաձայնության, որ պանիրը 2500 դրամի փոխարեն 2000 դրամով հանձնեն բնակիչներին»,- նշեց Յուրա Ավալյանը:

Իրացման խնդրի շուրջ Ճամբարակի քաղաքապետը տարբեր ուղիներ ու շուկա է փնտրում, եւ դեկտեմբերի մեկի դրությամբ ճամբարակցի ռուսաստանաբնակ մի գործարարի հետ բանակցություններ են վարում ՝ պանրի ամբողջ քանակությունը ռուսաստանյան շուկա արտահանելու նպատակով: «Այս տարբերակով բոլոր խնդիրները լուծում կգտնեն, եւ ճամբարակցիներն այլեւս մայրաքաղաքի շուկաներում օրերով կանգնելու կարիք չեն ունենա, իսկ վաճառքից ստացված գումարը ավելի կարճ ժամանակում կհասնի բնակիչներին»,- կարծում է քաղաքապետը:

Իսկ այն հարցին, թե անասնապահությամբ զբաղվողները ինչպես են սպառում ներկայում արտադրած կաթը, քաղաքապետը պատասխանեց, որ այս պահին կաթի իրացման խնդիր չունեն: «Կաթ են մթերում կաթնամթերք արտադրող մյուս ընկերությունները՝ «Դուստր Մարիանան», «Թամարան»: Բացի այդ, Ճամբարակում կան նաեւ մի քանի փոքր պանրագործարաններ, որոնք եւս կաթ են մթերում: Տարվա այս սեզոնին կաթի իրացման խնդիր չկա, քանի որ արտադրության ծավալները պակասում են, իսկ թե ամռանը խնդրի կարգավորումն ինչ տեսք կունենա,ցույց կտա ժամանակը»,-ասաց քաղաքապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում