Հասցրեցի միայն 7-օրական երեխային դուրս բերել. Վանաձորում հարեւա՞նն է հրկիզել 5 տները (ֆոտո)

Վանաձորում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով առանց տանիքի է մնացել 5 ընտանիք՝ 19 բնակչով: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է առավոտյան 09:30-ի սահմաններում Ուկրշին տնակային ավանում:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը, սակայն հրդեհի հետեւանքով 5 տուն է այրվել:

Այրված տան տերերի խոսքով՝ փայտաշեն տունը հրկիզել է իրենց հարեւանը, ով հոգեկան շեղումներ ունի եւ հաճախակի էր տանը կրակ վառում. «Քանի անգամ դիմել ենք հոգեբուժարան ու ոստիկանություն, տարել մի շաբաթ պահել են ու հետ ուղարկել, էսօր էլ արդեն իր պատճառով տանից ու ապրուստից զրկվեցինք»,-նշեց հարեւաններից մեկը:

Տանտերերից մեկի խոսքով՝ նկատելով հրդեհը, ինքը հասցրել է միայն 7-օրական երեխային օրորոցով դուրս բերել, ոչինչ այլեւս հնարավոր չի եղել փրկել:

Դեպքի վայր ժամանած Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ իրենք կապահովվեն բնակիչներին ժամանակավոր կացարանով: Հրդեհի պատճառների վերաբերյալ փորձաքննություններ են իրականացվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում