Սննդամթերքի անվտանգության ծառայությունը փլուզված կառույց է

«Սննդամթերքի անվտանգության ծառայությունը փլուզված կառույց է: Տարիներ շարունակ ՍԱՊԾ-ն կառավարել են մարդիկ, ովքեր ոլորտի հետ որևէ աղերս չունեն: Ոչ մասնագիտական, ոչ էլ որակային առումով»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում ասեց, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հանրապետական անասնաբուժա-սանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրենը:

Գեորգի Ավետիսյանը հիշեցրեց, թե մամուլը քանի անգամ է բարձրաձայնել ծառայության աշխատանքի թերությունների մասին, սակայն գործելաոճն այդպես էլ չի փոխվել: Նախկին փոխտնօրենը նշեց` ոչ ծառայության պետը, որ երկու տեղակալները, և ոչ էլ խորհրդականները ոլորտի մասնագետներ չեն: Բանախոսի կարծիքով, ծառայության աշխատանքի ցուցիչ է նաև փակ լինելը: «Ինքներդ զգացած կլինեք, որևէ ծառայության պետ երբևէ չի մասնակցել որևէ մասնագիտական բանավեճի կամ ասուլիսի: 2011թ-ից այս կողմ այդ պատկերը կտեսնեք: Ծառայությունը միշտ թաքնվում է ինչ-որ մամուլի հաղորդագրությունների կամ ռևիզների հետևում: Ծառայության պետերն իրենք էլ գիտեն, որ եթե եկան ասուլիսի, յուրաքանչյուր լրագրող իրենցից էլ լավ է պատկերացնում տվյալ ոլորտը: Ի՞նչ է նշանակում, սննդամթերքի անվտանգությունը կառավարում են մենեջերների խորհուրդը: Հասկացանք մի մենեջեր: Բայց ոչ թե խորհուրդ: Մասնագետները գտնվում են ցածր օղակներում ու որոշիչ դեր չունեն: Իրենք կատարում են հանձնարարականներ»,-ասաց նա:

Գեորգի Ավետիսյանն անդրադարձավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկին` հանրապետական անասնաբուժա-սանիտարական և բուսասանիտարական լաբարատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ը տարանջատել սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Մասնագետը կարծում է, որ դա արդյունավետ քայլ կլինի, քանի որ երկու կառույցների մեջ կա շահեի բախում: «Պատկերացնենք դեպք, որ գյուղացու կենդանին հիվանդ է, ու գյուղացին ասում է, որ իմ կենդանին հիվանդ է այսինչ հիվանդությամբ` գյուղի անասնաբույժի խորհրդից ելնելով: ՍԱՊԾ-ն ասում է, որ կենդանին հիվանդ չէ: Այսինքն հիվանդ է, բայց ոչ այդ հիվանդությամբ: Միակ կառույցը, որ իրավունք ունի նման բան պնդել, դա այդ ՊՈԱԿ-ն է, որը եկեք կոչենք լաբարատորիա: Որովհետև հիվանդությունները դիագնոզում են միայն ու միայն լաբարատոր փորձաքննության արդյունքում: Սա ոչ միայն իմ կարծիքն է, այլև շատ փորձագետների: Բոլորը միաձայն ընդունում են, որ կառույցը պետք է անկախ գործի»,-նշեց Գեորգի Ավետիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում