Հայաստանն ու Ճապոնիան քննարկել են էկոտուրիզմի զարգացմանն աջակցելու մեխանիզմները

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպել է աշխատանքային այցով տարածաշրջան ժամանած Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչ Ակիրա Օհարային: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը ներկայացրել է էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ նախարարության իրականացրած աշխատանքները և առաջիկա ծրագրերը:

Ակիրա Օհարան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստան այցելության նպատակն է տուրիզմի ոլորտի` մասնավորապես էկոտուրիզմի ներուժին ծանոթանալը և աջակցության մեխանիզմների դիտարկումը:

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում էկոտուրիզմի զարգացման ռազմավարության, համապատասխան ենթակառուցվածքներին, ոլորտում արդի տեխնոլոգիաների կիրառմանը, համայնքների ներուժի օգտագործմանն առնչվող հարցեր:

Նախանշվել են էկոտուրիզմի զարգացմանը նպաստող այն բաղադրիչները, որոնց կայացման համար կարող է դիտարկվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում