Ադրբեջանում իրավապահները շարունակում են ճնշումներ գործադրել Նարդարանի գործով փաստաբանների եւ վկաների նկատմամբ

Ադրբեջանում իրավապահ մարմինները տարբեր եղանակներով շարունակում են ճնշումներ գործադրել Նարդարանի գործով քաղբանտարյկալների իրավունքները պաշտպանող փաստաբանների նկատմամբ:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական contact.az լրատվական կայքը:

Ադրբեջանի քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի հայտարարության համաձայն` Նարդարանի գործով մեղադրյալների իրավունքները պաշտպանող փաստաբանների իրավունքները խստորեն խախտվում են:

Կենտրոնի փոխանցմամբ` դատավորները բացահայտ կերպով սատարում են դատախազին, չեն ընդունում փաստաբանների միջնորդությունները եւ խախտում են անաչառության սկզբունքը:

Դատավարություններից մեկի ժամանակ, երբ ոստիկանության աշխատակիցը կոպիտ վերաբերմունք է ցուցաբերել Նարդարանի գոծով փաստաբանի նկատմամբ, դատավորը ոստիկանի փոխարեն նկատողություն է կատարել փաստաբանին:

«Մենք պահանջում ենք օրենքի հիման վրա արդար դատաքննություն, իրավաբանների անկախ գործունեության երաշխավորում եւ վկաների նկատմամբ կիրառվող ճնշումների դադարեցում»,- ասված է Ադրբեջանի քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի հայտարարության մեջ:

Նարդարանի գոծով դատավարություններին մասնակցող անձինք նույնպես ենթարկվում են հետապնդումների:

30 օրվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃ) ակտիվիստ Թաջեդդին Գայդալիեւը, որը մասնակցել է դատավարություններին:

Գայդալիեւին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակցին չենթարկվելու հատկանիշներով:

Ադրբեջանի իրավապահ մարմինները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանի խռովարար Նարդարան բնակավայրը:

Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը հայտարարություն էին տարածել, որում ասվում էր, որ ավանի շիա առաջնորդները ծրագում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը և երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում ու երկրի շրջաններում և մատակարարել նրանց զենքով ու պայթուցիկ նյութերով: «Բացի այդ խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել, որի ժամանակ որոշել է պետական չինովնիկների ցուցակ, որոնց դեմ ահաբ եկչական գործողություններ է նախապատրաստում», -նշվել էր հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում