Հունաստանը մերժել է թուրք զինվորականներին արտահանձնելու վերաբերյալ Թուրքիայի պահանջը

Հունական դատարանը մերժել է 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստանում քաղաքական ապաստան գտած զինվորականների վերաբերյալ արտահանձման դիմումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:

Հեղաշրջման փորձից հետո Հունաստան են փախել 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Աթենքի վերաքննիչ դատարանը այս 8 զինվորականներից 3-ի վերաբերյալ վճիռ է կայացրել, որի համաձայն` զինվորականները չեն կարող հանձնվել Թուրքիային, քանի որ այդ երկրում նրանց կյանքին վտանգ է սպառնում:

2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:

Թուրքիայի կառավարությունում համոզված են, որ հեղաշրջման ոգեշնչողները դարձել են Թայիփ Էրդողանին ընդդիմադիր չափավոր իսլամի «Հիզմեթ» շարժման կողմնակիցները, որոնք կապված է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ:

Հեղաշրջման փորձին հաջորդած զինվորականների մասսայական ձերբակալությունները շարունակվում են, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նմանօրինակ քաղաքականությամբ ցանկանում է կոտրել իշխանությունների նկատմամբ եղած բոլոր հակազդեցությունները:

Փախստական 8 զինվորականներից մյուս 5-ի վերաբերյալ Աթենքի վճռաբեկ դատարանը որոշում է կայացնելու դեկտեմբերի 6-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում