Իտալիայի նախագահը Ռենցիին խնդրեց հետաձգել պաշտոնաթողությունը

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան վարչապետ Մատեո Ռենցիին խնդրել է պաշտոնաթողությունը հետաձգել մինչեւ 2017 թվականի պետբյուջեի հաստատումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է պետության ղեկավարի դիվանատունը:

«Հանրապետության նախագահը, նկատի առնելով բյուջեի մասին օրենքի հաստատման խորհրդարանական գործընթացն ավարտելու անհրաժեշտությունը, դիմել է Նախարարների խորհրդի նախագահին՝ այդ պարտավորության կատարման համար պաշտոնաթողությունը հետաձգելու խնդրանքով»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Բյուջեի մասին օրինագիծն, ինչպես սպասվում է, կարող է Սենատի կողմից ընդունվել դեկտեմբերի 9-ին:

Դեկտեմբերի 5-ին ավելի վաղ Մատեո Ռենցին հայտարարել է, որ պաշտոնաթող կլինի: Նա լիակատար պատասխանատվություն է ստանձնել կառավարության կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումների շուրջը հանրաքվեում կրած պարտության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում