ԱԺ քառօրյա. սպասվում են քվեարկություններ. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 106 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Դեկտեմբերի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որի վերաբերյալ արված առաջարկներն ընդունվել են: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը: Նա նշել է, որ փոփոխություններ չեն կատարվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Օրինագծով նախատեսվում է ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետում ներառել նաեւ ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը եւ նրանց սկզբնական սպայական կոչում շնորհել ինտերնատուրան ավարտելուց հետո:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հարցի քննարկումը կշարունակվի դեկտեմբերի 6-ի նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում