Օլանդի վարկանիշը 13 տոկոսով աճել է երկրորդ ժամկետով չառաջադրվելու որոշումից հետո

Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի ժողովրդականության վարկանիշն սկսել է աճել նրա այն հայտարարությունից հետո, որ ինքը չի մասնակցելու 2017 թվականի նախագահական ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ifop-Fiducial-ի հարցման արդյունքները:

Այսպես, Օլանդի այդ հայտարարությունից հետո նրա վարկանիշն աճել է 13 տոկոսով: Այսպիսով, հարցման արդյունքների համաձայն, այժմ հարցվածների 29 տոկոսն է դրական գնահատում երկրի նախագահի գործունեությունը: Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ սա նրա ամենաբարձր վարկանիշն է 2013 թվականի հոկտեմբերից ի վեր:

Բացի այդ, հարցման մասնակիցների մեծամասնությունը (55 տոկոսը) կարծում է, որ Օլանդը վարում Է Ֆրանսիայի շահերը պաշտպանող արտաքին քաղաքականություն:

Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 2-3-ին: Դրան մասնակցել է 983 մարդ:

Անցած շաբաթ Օլանդը հայտարարել էր, որ իր թեկնածությունը չի առաջադրելու 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում