«Հայկական ժամանակ». Ներդրումային հիմնադրամի մեկնարկը կտրվի ընտրություններից հետո

Իշխանությունը պատրաստվում է ներդրումային հիմնադրամի մեկնարկը տալ 2017թ. ընտրություններից հետո։ Վարչապետ Կ. Կարապետյանը հայտարարել էր, որ կառավարությունը ժամանակավորապես իր վրա պետք է վերցնի ներդրումային ակտիվության խնդիրը. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Հենց այդ նպատակով մենք ստեղծելու ենք հատուկ ներդրումային հիմնադրամ, որը կնպաստի Հայաստանում տնտեսական նախագծերի արագ ձևավորմանն ու զարգացմանը»,- ասել էր Կարեն Կարապետյանը։ Քանի որ նախընտրական շրջանը ներդրումների և նման հիմնադրամներում գումարներ ներդնելու համար բարենպաստ չէ, իշխանությունները ծրագրում են դա անել 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։

Իսկ այդ հիմնադրամում գումարներ ներդնելու համար իշխանությունները պայմանավորվածություն կամ նախնական խոստում ունեն սփյուռքահայ, մասնավորապես ռուսաստանահայ գործարարներից։ Այդ առումով ամենամեծ գումարը խոստանում է տալ Սամվել Կարապետյանը։ Նշենք, որ դա գործարարների կողմից պարզապես գումար տալ չէ, այդ գումարը Հայաստանում ներդրվելու է որոշ բիզնես ծրագրերում և ներդրողներին եկամուտ ապահովելու»,- հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում