«Ժողովուրդ». Երկրաշարժից 28 տարի է անցել, բայց «աղետի գոտի» ամոթալի արտահայտությունը դեռ չի վերացել

«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «1988-ի ավերիչ երկրաշարժից արդեն 28 տարի է անցել։ Սակայն «աղետի գոտի» ամոթալի արտահայտությունը դեռ չի վերացել մեր շուրթերից։ Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթևան է մացել 530 հազար բնակիչ։ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վահան Թումասյանի տրամադրած տվյալների համաձայն՝ կիսափլված շենք-շինություններում կամ նախկին գործարանային հանրակացարաններում դեռևս բնակվում է մոտ 3 հազար ընտանիք, կամ որ նույնն է՝ 15 հազար բնակիչ։ 28 տարին քիչ ժամանակ չէր խնդրին վերջնական կարգավորում տալու համար։ Սակայն պարզվում է՝ կառուցապատման ծրագիրը 4-5 տարի առաջ դադարեցվել է։ Եվ այս աղետալի պայմաններին զուգահեռ՝ իշխանությունները Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար գլուխ են կոտրում, խոստանում սարեր շուռ տալ, սակայն նրանց խոստումների պատկերը հետևյալն է՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դղյակում է ապրում, շքեղ հյուրանոց է կառուցել՝ «Ալեքսանդրապոլը», «Օազիս» ռեստորանը։ Իսկ վագոն-տնակների ֆոնին դղյակում ապրող գործող քաղաքապետ Սամվել բալասանյանը «Պոլոզմուկուչ» հայտնի ռեստորանի սեփականատերն է, գարեջրի գործարան է աշխատեցնում ինչպես Գյումրիում, այնպես էլ Ջավախքում։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին հայտարարել էր, թե.«Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետևանքները։ Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներ չեն լինելու»։ Սակայն այսօր իրականությունն այն է, որ ունենք մոտավոր 15000 բնակիչ, որոնք ապրում են տնակներում։ Հուսանք՝ գոնե այս տարի քիչ կշրջանառվեն «տնակ», «աղետի գոտի», «փլատակներ» արտահայտությունները, Գյումրիի նման մշակութային հարուստ ժառանգություն ունեցող քաղաքին դա սազական չէ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում