Առնվազն 25 մարդ է զոհվել Սումատրա կղզու մոտ տեղի ունեցած երկրաշարժից

Առնվազն 25 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Աչե արեւմտյան նահանգում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով, բոլոր զոհվածները Պիդիջայա շրջանի բնակիչներ են: Այդ մասին, հայտնել է շրջանի փոխղեկավար Սայիդ Մուլյադին Metro TV հեռուստաալիքի եթերում:

6,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ի առավոտյան Սումատրա կղզուց ոչ հեռու:

Մուլյադիի խոսքով՝ ավերված շենքերի փլատակների տակ տասնյակ մարդիկ են մնում: Փրկարարական աշխատանքներին խանգարում է տեղանքի բարդ լանդշաֆտը: Պաշտոնյան հավելել է, որ Պիդիջայայի հիվանդանոցները լեփլեցուն են տուժածներով, մարդկանց մի մասին հարկ է լինում ուղարկել հարեւան շրջաններ:

Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության տեղական բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ երկրաշարժն ավերել է բազմաթիվ մզկիթներ, հանրային օգտագործման շինություններ եւ բնակելի շենքեր, բայց առայժմ հնրավոր չէ ստույգ գնահատել աղետի մասշտաբները:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն համապատասխան բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին ցուցում է տվել շտապ կարգով օգնություն ցուցաբերել երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում