Գեղարքունիքի մարզում ավելացել են բուժհաստատությունների ներքին ուղեգրումները

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության համակարգմամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում տեղի բուժհաստատությունների նեղ մասնագետ բժիշկների կողմից անցկացվել են առողջապահական «Բաց դռների օր» միջոցառումներ, որոնց արդյունք ում էականորեն ավելացել են ներքին ուղեգրումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, «Բաց դռների օր» միջոցառումները կազմակերպվել են Գավառի, Մարտունու եւ Սեւանի տարածքի բոլոր համայնքներում՝ 2016 թվականի փետրվարից սկսած, որոնց արդյունքում տեղի նեղ մասնագետ բժիշկների կողմից հետազոտվել է առողջական խնդիրներ ունեցող ավելի քան 3650 քաղաքացի: Նրանք տեղում ստացել են անվճար բժշկական խորհրդատվություն, բուժօգնություն, նրանց մի մասը բուժման է ուղեգրվել մարզի տարբեր բուժհաստատություններ:

«Միջոցառումները նպաստել են տեղի բուժհաստատություններ կատարվող ուղեգրումների ավելացմանը, մյուս կողմից կրճատել առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հոսքը դեպի մայրաքաղաքի բուժհաստատություններ, ինչի արդյունքում քաղաքացիները, հատկապես սոցիալապես անապահով մարդիկ, խնայել են իրենց միջոցները եւ ստացել ավելի մատչելի բուժծառայություն: Անվճար հետազոտվել ու բուժօգնություն եւ անհրաժեշտ դեղորայք են ստացել նաեւ համայնքների զինվորական հաշմանդամները, հաշմանդամության կարգ ունեցողները: Միջոցառումները կշարունակվեն նաեւ 2017 թվականի ընթացքում եւ կկրեն մշտական բնույթ: Փորձը ցույց տվեց, որ այս քաղաքականությունից շահում են թե հիվանդները, թե տեղի բուժհաստատությունները»,-ներկայացրեց վարչության պետը:

2016 թվականի վերջին միջոցառումը տեղի ունեցավ Մարտունու բժշկական կենտրոնում: Առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները հիմնականում գործուղվել էին տարածքի համայնքներից՝ գործիքային լաբորատոր հետազոտման նպատակով: Վարչության պետի հավաստմամբ՝ «Բաց դռներ»-ի հերթական փուլը կկազմակերպվի հաջորդ տարվա սկզբից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում