Ադրբեջանի քաղաքացին հայտարարել է հայկական կողմ անցնելու մասին

Ադրբեջանի քաղաքացի Միրդավուդ Սեիդովը` Պաշա Սեիդովի հայրը, դժգոհում է սեփական ժողովրդի ողբերգությունների հանդեպ` նախագահ Իլհամ Ալիևի անտարբեր վերաբերմունքից: Ընդ որում, Պաշա Սեիդովը մահացել է կասկածելի հանգամանքներում, հայտնում են ադրբեջանական աղբյուրները:

Հայրը, վերջերս տրված հարցազրույցում նշել է, որ դատախազությունը չի իրականացրել օբյեկտիվ հետաքննություն` որդու մահվան պատճառները բացահայտելու ուղղությամբ, նույնիսկ թաքցնելով հիմնական ապացույցներն ու մեղավորներին: Արդեն երկու տարի է ոչ մեկը ուշադրություն չի դարձնում նրանց նամակներին, որոնք ուղարկվում են Իլհամ Ալիևին:

Տղամարդը պատմել է, որ երկու տարի առաջ որդու դին հայտնաբերվել է հին շուկա կոչվող տարածքում: Ծնողներին հայտնել են, որ որդին կախվել է: Սակայն Միրդավուդը նշում է, որ նրանք որդու գրպանում նամակ են գտել, որտեղ նշված են եղել Ջակ և Իֆկի մականունները:

«Հետաքննիչը սկզբում նշել է, որ չպետք է այդ մարդկանց պատասխանատվության ենթարկել: Իսկ մենք սպասում էինք, որ այդ մարդիկ կձերբակալվեն: Բայց հասկացանք, որ հետաքննիչը նման մտադրություն չունի: Մենք հասկացանք, որ նա խուսափում է հանդիպումներից և չի ցանկանում որևէ տեղեկություն հայտնել: Մի օր էլ մեզ հայտնեցին, որ գործը փակված է ինքնասպանության հոդվածով»,- պատմել է տղամարդը:

«Եթե մեր երկրի կառավարությանը չի հետաքրքրում իմ որդու հետ կապված ողբերգությունը, եթե մեղավորների դեմ ոչինչ չի կարող անել, ապա ես իմ կնոջ հետ միասին կգնամ Հայաստան: Ինչու ես պիտի ապրեմ այնպիսի երկրում, որտեղ թքած ունեն քաղաքացիների ու նրանց դժբախտությունների վրա»,- հայտարարել է Սեիդովը:

Նա նաև հավելել է, որ եթե մոտ ժամանակներս, Իլհամ Ալիևը այդպես էլ չպատասխանի իր նամակներին, ապա նա իր ընտանիքով, սպիտակ դրոշը ձեռքին կտեղափոխվի Հայաստան: 

Հիշեցնենք, որ վերջերս հայտարարվել էր այն ադրբեջանցի բնակիչների մասին, ովքեր ցանկություն էին հայտնել կամ փորձել էին անցնել հայ-ադրբեջանական սահմանը` հանձնվելու Հայաստանին կամ Արցախին:

Այսպես, 2014 թվականի հունվարի 23-ին, Ադրբեջանի Բեյլագանսկ շրջանի տասը բնակիչներ փորձել էին անցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: 2014 թվականի հունվարի 29-ին հայ-վրացական սահմանին` հայ սահմանապահներին դիմել է Ադրբեջանի քաղաքացին և քաղաքացիական ապաստան խնդրել` իր, կնոջ և երեք անչափահաս երեխաների համար: 2014 թվականի ապրիլի 12-ին Նախիջևանի բնակիչ Նազիմ Մամեդովը ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից, երբ  փորձում էր սպիտակ դրոշակը ձեռքին անցնել Հայաստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում