Իրանը կփոխի արժույթի անվանումը եւ կանցկացնի դենոմինացիա

Իրանի իշխանությունները մտադիր են երկրում դենոմինացիա անցկացնել եւ փոխել ազգային արժույթի անվանումը: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով IRNA իրանական պետական լրատվական գործակալությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարների կաբինետն արդեն հավանություն է տվել արժույթի անվանումը փոխելուն. ներկայիս ռիալին փոխարինելու կգա թումանը: Մեկ թումանը համարժեք կլինի 10 ռիալին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Իրանի ազգային արժույթը թուման էր կոչվում մինչեւ 1930-ական թվականները: Այնուհետեւ երկրում անցկացվեց դրամական բարեփոխում, որի շրջանակներում մեկ թումանի դիմաց տալիս էին 10 ռիալ: Բազմաթիվ իրանցիներ, սակայն, մինչեւ այսօր էլ շարունակում են օգտվել հին տերմինաբանությունից, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում