Ինչ է տեղի ունեցել ԱԺ-ում. Ռուբիկ Հակոբյանը լրագրողի հետ միջադեպի մասին

Խուլիգանը տեղ չունի լրատվական դաշտում. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ով խորհրդարանում լրագրող Վահե Մակարյանի հետ վիճաբանություն էր ունեցել ու վերջինիս խոսքով՝ հարվածել էր իրեն:

«Հարցազրույցի ժամանակ նորմալ ընթանում էր ամեն ինչ, նա մուտք գործեց, սկսեց նույն հարցը մի քանի անգամ տալ: Լրագրողի հարց տալն իր իրավունքն է, բայց չպատասխանելը նույն քաղաքական գործչի, քաղաքացու իրավունքն է… Հարցազրույցի ժամանակ լարվածություն կար, բայց դրանից հետո նա իրեն խուլիգանի նման է պահել, ասաց, որ էթիկայի կանոններն եմ խախտում, ես Ձեզ կդաստիարակեմ… Ես այդ ժամանակ հասկացա, որ ժուռնալիստի հետ չեմ զրույցում, այլ՝ պարզագույն խուլիգանի: Եվ հրավիրեցի, մտածեցի, որ գուցե իսկապես դաստիարակելու բան կա, դաստիարակենք»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը:

Պատգամավորը նշեց, որ լրագրողն իրեն պահում էր «էթիկայի հանձնաժողովի դաստիարակչական գծով զտարյուն նախագահի պես», իրեն էլ ներկայացրել է որպես հանցագործի. «Սուտ է, ուղղակի դուրը չեկավ դաստիարակության չափը, դրա համար եկել բողոքում է»:

Նա այդպես էլ հստակ չպատասխանեց՝ հարվածե՞լ է լրագրողին, թե՞ ոչ՝ ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց, փոխարենն ասաց. «Եթե որևէ հակաօրինական բան կա, ինքը կարող է դիմել օրենքի սահմաններում, ճշտել, չնայած՝ ասեց, թե տղայական էլ կարող է: Ես համարում եմ, որ որևէ հակաօրինական քայլ չեմ արել: Երբ տեսնում ես, որ դիմացինդ լրագրող չի, խուլիգանի նման է իրեն դրսևորում, երևի չպետք է թույլ տաս, որ խուլիգանի նման պահի: Եթե հակաօրինական քայլ լինի, ես ներողություն խնդրեմ»:

Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ լրագրողն իրեն զտարյուն խուլիգանի պես է պահել, ու շատերն իրեն զանգել ու խնդրել են դրա համար. «Չեմ ուզում հիմա իր նման պատմեմ… թող օրենքի դաշտով դիմի: Եթե սխալ եղած կլինեմ, պատիժ կկրեմ: Խուլիգան է, թող չթաքնվի լրագրողի անվան տակ: Թող գնա ռազբորկաներով զբաղվի»:

Հարցին, թե չի՞ ափսոսում լրագրողին հարվածելու համար, պատգամավորն ասաց. «Գեղեցիկ չէր այն, ինչ եղավ, բայց ասեմ, որ դրանից հետո ինձ զանգել են պատգամավորներ ու ասել, որ գրեթե բոլորի հետ նման «կենսագրությունն» ունի ինքը: Նույնիսկ լրագրողներից ոմանք շնորհակալություն հայտնեցին»:

Հիշեցնենք, որ Վահե Մակարյանը ներկայացրել էր միջադեպի իր տարբերակը՝ ասելով, որ պատգամավորը ագրեսիվ է պատասխանել իր հարցին և այնուհետև կանչել զրուցելու. «Ես հարցրեցի Ռուբիկ Հակոբյանին, թե Դաշնակցության այն գաղափարախոսությունը , որ կրում եք Ձեր մեջ, ո՞րն է։ Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց, որ եթե նույնիսկ 27 անգամ էլ իմ հարցին պատասխանի, միևնույն է՝ ես չեմ հասկանա: Ասաց՝ գնա Դաշնակցության մասին գրքերը կարդա և գաղափարախոսությունը կիմանաս»:

Վահե Մակարյանի խոսքով՝ այնուհետև Ռուբիկ Հակոբյանն իրեն կանչել է զրուցելու և «կուլտուրա» բացատրելու. «Բա՝ հլը արի տեսնեմ, թե ում ես բացատրում, տղայական ռազբորկայի կանչեց: Եկանք մի հատված, որտեղ տեսախցիկներ չկան: Հարցրեց, մինչև փորձում էի բացատրել, խոսքս կիսատ մնաց, մի բառ էլ չէի հասցրել ասել՝ հայհոյեց ու խփեց դեմքիս: Չէի սպասում, որ եկել էի ոչ թե զրուցելու, այլ կռիվ անելու խորհրդարանում»:

Վահե Մակարյանն ասել էր նաև, որ հարվածելուց հետո պատգամավորը սպառնացել է իրեն և աստիճանների մոտ տեսնելով՝ ասել է, որ «էսի սրանով չի պրծնի». «Մի հատ իրեն հարցրեք, թե էլ ի՞նչ պատիժ է սպառնում ինձ: Գուցե մա՞րդ է կանչելու, որ ինձ մուտքի մոտ ծեծեն, նորի՞ց է կանչելու հաշվեհարդարի, գուցե որոշել է դանակահարել կամ զենքով խփել»:

Վահե Մակարյանն ասել է, որ իմանալով Ռուբիկ Հակոբյանի քայլերի մասին՝ կորոշի, թե ինչ անել առաջիկայում, գրում է Թերթ.am-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում