Գյումրին կարող է դառնալ Հայաստանի զբոսաշրջային մայրաքաղաք. Կարեն Կարապետյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրիի քաղաքապետի հետ պայմանավորվել է 2017թ. ավարտին հասցնել Գյումրիում առկա բնակարանային խնդիրները: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Գյումրիի քաղաքապետի հետ քննարկման արդյունքում պայմանավորվել են, որ 2017թ-ին բնակարանների պահանջարկը լիովին լուծվելու եւ ավարտվելու է: «Զբոսաշրջության մասով Գյումրին ունի ֆանտաստիկ շանս՝ դառնալու Հայաստանի զբոսաշրջության մայրաքաղաքը: Քաղաքապետի հետ քննարկել ենք, որպեսզի Գյումրին փորձի առավելագույն ծրագրեր ներկայացնել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պոբեդա» ավիաընկերությունը չվերթներ է կազմակերպելու Մոսկվայից Գյումրի, քաղաքային իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այցելուներն օդանավակայանից անմիջապես չմեկնեն Երեւան, այլ մի փոքր Գյումրիում մնան: Շատ հետեւողական գնալու ենք այս ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ Գյումրի այցելելու ընթացքում քննարկվել է Շիրակի մարզի զարգացման ծրագիրը, այցելել է տեխնոպարկ, ազդակ հաղորդել, որ կյանքը շարունակվում է եւ աղետի գոտու խնդիրը լուծելը բոլորի պարտականությունն է, այդ թվում՝ հենց գյումրեցիների: «Մինչեւ դեկտեմբերի վերջը մենք մշակել ենք մեթոդաբանություն, ըստ որի յուրաքանչյուր համայնք պետք է ներկայացնի իր զարգացման ծրագիրը, այդ թվում՝ Գյումրին: Այնուհետեւ կառավարությունը քննարկելու է բոլոր համայնքների ծրագրերը եւ դրան ավելացվելու են մեր ճյուղային նախարարների առաջարկած զարգացման ծրա գրերը, որոնք մենք ուսումնասիրելու ենք Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության պրիզմայով, որպեսզի որոշակի կոորդինացում լինի, տարբեր վայրերում տարբեր քայլեր չձեռնարկվեն: Գյումրիի ծրագիրը նույնպես քննարկելու ենք, մի փոքր ավելի ուշադիր»,- եզրափակեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում