Ամերիկյան եւ ֆրանսիական ավիակիրները համատեղ գործողություններ են սկսել ԻՊ-ի դեմ

ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խմբերը Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ համատեղ գործողություններ են սկսել Միջերկրական ծովի արեւելյան մասում, տարածաշրջան, որտեղ ներկայում գտնվում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի «Ծովակալ Կուզնեցով» ծանր ա վիակիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիական ավիակիր խմբի հրամանատար Օլիվիե Լեբան «Շառլ դե Գոլ» նավի վրա ամերիկացի գործընկերոջ հետ կայացած հանդիպման ընթացքում ասել է. «Ահաբեկչության, ԴԱԻՇ-ի դեմ պայքարը միջազգային խնդիր է: Անհրաժեշտ է, որ բոլոր երկրները համատեղ պայքարեն»:

Մամուլի ծառայության տվյալներով՝ ԱՄՆ-ի «Էյզենհաուեր» ավիակրի նավախումբը, որը դեկտեմբերի 4-ին Սուեզի ջրանցքով մտել է Միջերկրական ծովի արեւելյան շրջան, համատեղ գործողություններ կիրականացնի «Շառլ դե Գոլ» ֆրանսիական ավիակրի նավախմբի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում