Գերմանիայի ոստիկանությունը հերքել է Թուրքիայի մեջլիսի փոխնախագահի հայտարարությունները

Գերմանիայի ոստիկանությունը հերքել է տեղեկությունն այն մասին, թե Քյոլնի օդանավակայանում պահված Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխնախագահ Այշե Նուր Բահչեքափըլըն վատ վերաբերմունքի է արժանացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սանկտ Ավգուստինի դաշնային ոստիկանության կենտրոնի խոսնակ Յենս Ֆլորենը հայտարարել է, որ մեջլիսի փոխնախագահն իրականում չի ձերբակալվել, ինչպես հայտարարում է:

Ֆլորնեը նշել է, որ կորցրած անձնագրի փոխարեն Գերմանիայի հյուպատոսարանից Բահչեքափըլըի վերցրած ժամանակավոր անձնագրում չի եղել տեղեկություն վիզայի վերաբերյալ: «Նա ոստիկաններին հայտնել է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխնախագահն է և դիվանագիտական անձնագիր ունի, սակայն այդ ամենն ապացուցող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի ոստիկանները նրան խնդրել են անցնել օդանավակայանին ամենամոտ ոստիկանության բաժին»,- պատմել է Ֆլորները: Այնուհետև Թուրքիայի դեսպանությունը ոստիկանությանը հաստատել է, որ Բահչեքափըլըն դիվանագիտական անձնագիր ունի, ինչից հետո նրան թույլատրել են մեկնել Թուրքիա:

«Բահչեքափըլըն բացարձակապես չի ձերբակալվել և վատ վերաբերմունքի չի արժանացել: Եթե որևէ մեկը գալիս է և սահմանին հայտարարում, որ ունի դիվանագիտական անձնագիր, սակայն չի կարողանում դա ապացուցել ոստիկանությանը, իր մոտ անհրաժեշտ փաստաթղթեր չի ունենում, ոստիկանությունը չի հավատում այդ անձին: Դեսպանատնից հաստատելուն պես թույլատրվում է նրա ուղևորությունը: Այս գործընթացը բոլորի համար է աշխատում»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում