Տոնական օրերին ՊԵԿ-ում կսահմանվի արտակարգ ռեժիմ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին առաջարկեց՝ հաշվի առնելով գալիք ամանորյա տոները, տնտեսավարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով սահմանել աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկ՝ ներառելով դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը: «Շատ լավ շանս է` սահմանելու արտակարգ ռեժիմ, հոսքը լինելու է շատ, որպեսզի մենք հասկանանք՝ մեր նեղ տեղերը որտեղ են, ինչպես անենք, որ մաքսիմալ կոմֆորտային պայմաններ ստեղծենք, դրանից ելնելով՝ եզրակացություն անենք հաստիքացուցակի վերաբերյալ, նաև այն ժամանակացույցերի, որոնք դուք ունեք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ ՊԵԿ գործունեությունից կան դրական արձագանքներ առ այն, որ, օրինակ՝ ձևակերպումն արվում է հինգ օրվա ընթացքում, նախկին 25 օրվա փոխարեն: «Ես չգիտեմ՝ հինգ օրը լավ է, թե՝ չէ, բայց այդ ժամանակացույցերը նայեք»,- ասաց Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում