Բորիս Ջոնսոնը Սաուդյան Արաբիային մեղադրել է Մերձավոր Արեւելքում պատերազմներ հրահրելու մեջ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը իր երկրի դաշնակից Սաուդյան Արաբիային մեղադրել է Մերձավոր Արեւելքում պատերազմներ հրահրելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է The Guardian-ը: Հրատարակության տրամադրության տակ հայտնվել է Հռոմում քաղաքական գործիչների հետ Ջոնսոնի զրույցի ձայնագրությունը, որի ընթացքում նա խախտել է մերձավոր դաշնակիցներին չքննադատելու բրիտանական դիվանագիտության վաղեմի կանոնը:

Ջոնսոնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան եւ Իրանն իրենց պահում են ինչպես տիկնիկավարներ՝ միջնորդավորված մասնակցելով Մերձավոր Արեւելքի հակամարտություններին: Նա դա բացատրել է տարածաշրջանում ուժեղ առաջնորդի բացակայությամբ, որի ազդեցությունը դուրս կգար սուննի կամ շիա համայնքների սահմաններից:

«Կան քաղաքական գործիչներ, որոնք խեղաթյուրում են կրոնը եւ նույն կրոնի տարբեր ուղղությունները հանուն սեփական քաղաքական նպատակների»,-հայտարարել է Ջոնսոնը:

Ձայնագրությունը հայտնվել է այն բանից քիչ անց, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերադարձել է Պարսից ծոցի երկրներ աշխատանքային ուղեւորությունից, որտեղ նա հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ էմիրությունների, Քաթարի, Բահրեյնի եւ Օմանի ղեկավարների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում