Թրամփի՝ Ռուսաստանի հարցերով խորհրդականը ժամանել է Մոսկվա

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քարթեր Փեյջը ժամանել է Մոսկվա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

«Ես հանդիպումներ կունենամ ազդեցիկ գործարարների եւ հանրային կարծիքի առաջնորդների հետ»,-պատմել է Փեյջը: Նա նշել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում կմնա մինչեւ դեկտեմբերի 13-ը:

Փեյջը նախագական արշավի ընթացքում Թրամփին խորհրդատվություն էր տրամադրում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերի շուրջ: Նա պնդում էր, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը ընդհանուր շահեր ունեն, սակայն ԱՄՆ-ի քաղաքական գործիչները հաճախ անտեսում էին ռուսական կողմի ձգտումները:

Մինչդեռ, ինչպես հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, ՌԴ ԱԳ նախարարությունում Քարթեր Փեյջի հետ ոչ մի հանդիպում չի պլանավորվում:

«Ես այդ թեմայով մեկնաբանություն չունեմ, այսօր առավոտվա դրությամբ ԱԳ նախարարությունում հանդիպումներ անցկացնելու ոչ մի պլան չկա»,-ասել է Ռյաբկովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում