Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մահացել են Պաշտպանության նախարարի անվտանգության աշխատակիցները (լուսանկարներ)

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածների անուններն են՝ Ալիկ և Արմեն, ովքեր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անվտանգության աշխատակիցներն են։

Այս պահին դեպքի վայր են ժամանում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը, Ռազմական ոստիկանության ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ճանապարհն ամբողջովին անցանելի է եղել՝ տեղի ճանշինականների կողմից աղ ու ավազով մշակված։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Հետևեք մեզ նաև Telegram-ում